Հայաստանի պատմությունը սկսվում է անհիշելի ժամանակներից ՝ քաղաքակրթության ձևավորումից։ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները հնարավորություն կունենան փոքր տարածքի վրա առնչվել, ինչպես արդիականության, այնպես էլ կապ հաստատել անցյալ հազարամյակների հետ ։
Քրիստոնեական յուրատեսակ ճարտարապետական հուշարձաններ կարելի է հանդիպել ամենուր։ Հայկական վանքերն ու մենաստանները շքեղ տեսք չունեն, ինպես կաթոլիկ եկեղեցիները, փոխարենն այնքան վսեմ են, որ ցանկացած այցելու զգում է անկրկնելի զգացողություն, ինչպես օրինակ, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, Տաթևի վանքը, Կարմրավանքը, քրիստոնեության վաղ շրջանի բազիլիկ և գմբեթավոր այլ եկեղեցիներ: Պահպանվել են բազմաթիվ կամուրջների ավերակներ, որոնցով վաճառականները անցնում էին հայտնի Մետաքսի ճանապարհով։ Արժե այցելել Արենի գյուղի քարանձավը, որտեղ հայտնաբերվել է գինու պատրաստման հնագույն վայրը՝ թվագրվող մ․թ․ա․ 4-րդ հազարամյակին, տեսնել 5.500 տարեկան կաշվե կոշիկը, աշխարհի հնագույն աստղադիտարաններից 7500 տարվա պատմություն ունեցող Քարահունջը և այլն: Այս երկիրն առաջինն էր, որն ընդունել է քրիստոնեությունը պետական մակարդակով՝ 301 թվականին։
Արժե գեթ մեկ անգամ լինել Հայաստանում և ...
Քայլել գիշերային Երևանի փողոցներով ու ապահով զգալ
Մ․թ․ա․ 782 թ. հիմնադրված հնագույն քաղաքներից Երևանը նախկինում կոչվել է Էրեբունի։ Այցելելով «Էրեբունի» հնագիտական թանգարան, կարող եք ծանոթանալ քաղաքի գրեթե 3000-ամյա պատմությանը։
Այսօրվա քաղաքն առանձնահատուկ գրավչություն ունի: Ամառային երեկոները գլխավոր հրապարակը լի է մարդկանցով, զբոսաշրջիկները և տեղացիներն աղմկոտ խմբերով գալիս են հիանալու երգող շատրվաններով։ Մարդաշատ է նաև Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքին մերձակա Ազատության հրապարակը։ Կարապի լճի և հրապարակի շուրջն ու դրանց բոլորող բացօթյա սրճարաններում մինչև ուշ գիշեր այնպիսի աշխուժություն է տիրում, որ զբոսաշրջիկներին թվում է` տոնակատարություն է։
Երևանն այն քիչ քաղաքներից է, որը կիսվում է ազդեցիկ չափերի հասնող կիրճով: Հրազդան կիրճում կարելի է հայտնվել անմիջապես քաղաքից, վայելել համանուն գետի շրջակայքի բնության գեղեցկությունն ու նրա վրա կառուցված մոտակա սրճարանում սուրճ խմել։
Ճարտարապետա-մշակութային համալիր «Կասկադը» Երևանի խորհրդանիշներից է։ Այն գրավիչ է ո՛չ միայն ճարտարապետական յուրօրինակ լուծումերով, այլ նաև համալիրի ամբողջ տարածքում տեղադրված բազմաթիվ քանդակներով։ Կասկադը թե՛ երևանցիների, թե՛ քաղաքի հյուրերի սիրված զբոսավայրն է։
Ալեքսանդր Թամանյանի հեղինակած Հանրապետության հրապարակը հայկական ճարտարապետական մտքի գլուխգործոցն է, որտեղ գտնվում են Կառավարության շենքը, նախարարություններ, «Մարիոթ Արմենիա» հյուրանոցը, Ազգային պատկերասրահը, Հայաստանի պատմության թանգարանը։ Երևանի խորհրդանիշներից է նաև հայկական դյուցազներգության գլխավոր հերոսի՝ Սասունցի Դավթի արձանը, որի հեղինակն է Երվանդ Քոչարը։
Տեսնել Արարատ լեռը
Աստվածաշնչյան այս լեռան վրա կանգ առավ Նոյն իր տապանով։ Տեսնելով Արարատը, զգալով ամբողջ խորությունն ու խորհրդավորությունը, յուրաքանչյուրին հասկանալի կդառնա, թե ինչու աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հայերը հատուկ վերաբերմունք ունեն Արարատի նկատմամբ։ Լեռը թեև Հայաստանի տարածքում չէ, այնուամենայնիվ, այստեղից է Արարատը երևում իր ամբողջ հմայքով, որին դեմ-հանդիման Խոր Վիրապ վանքի առկայությունն առավել գեղատեսիլ է դարձնում համայնապատկերը:
Լինել Արվեստի ժամանակակից թանգարանում
1972թ. բացված Արվեստի ժամանակակից թանգարանը իր տեսակի մեջ միակն էր նախքան ԽՍՀՄ փլուզումը։ Հայաստանում, առհասարակ, գեղանկարչությունն ամուր ավանդույթներ ունի, ինչի համոզիչ վկան նրա հոսանքների բազմազանությունն է։ Ներկայումս թանգարանում հաշվարկվում է մոտավորապես 2300 ցուցանմուշ, որոնց թվում են հայ նշանավոր նկարիչների և քանդակագործների աշխատանքներ, ինչպես օրինակ, Մինաս Ավետիսյանի, Երվանդ Քոչարի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Գարզուի, Գայանե Խաչատրյանի և այլոց աշխատանքները։ Այստեղ պարբերաբար անց են կացվում երիտասարդ ստեղծագործողների աշխատանքների ցուցահանդեսներ։
Մոտ զգալ Փարաջանովին նրա տուն-թանգարանում
Հայաստանի մայրաքաղաքի մշակութային կենտրոնների մեջ իր ուրույն տեղն ունի մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը։ Իր արվեստի սիրահարների համար նա ավելին է, քան պարզապես տաղանդավոր արվեստագետ։ Ստեղծած ֆիլմերով ձեռնոց նետելով խորհրդային ամբողջատիրական համակարգին, Փարաջանովը թողել է հարուստ մշակութային ժառանգություն։ Համաշխարհային ուշադրության են արժանացել նրա «Նռան գույնը» և «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմերը:
Ընտրել հուշանվեր Վերնիսաժից
Հանգստյան օրերին Հանրապետության հրապարակին մերձակա այգու մի հատվածը վերածվում է տոնավաճառի կամ, ինչպես երևանցիներն են ասում՝ վերնիսաժի։ Այստեղ կարելի է հանդիպել իրերի և արվեստի գործերի անսահման բազմազանության. հին գորգեր, արծաթեղեն, տարբեր արժողությամբ հնաոճ իրեր, հուշանվերներ, զարդեր հեղինակային ձեռագործ՝ փայտե, քարե, խեցեգործ իրեր, ազգային երաժշտական գործիքներ, հայ արվեստագետների աշխատանքներ... Այս շարքը կարելի է անվերջ թվել։
Ջազ լսել
Որակյալ ջազ լսելու համար ամենևին պարտադիր չէ թռչել օվկիանոսից այն կողմ։ Դա հնարավոր է կազմակերպել նաև Հայաստանում, որը հայտնի է իր ջազով դեռևս խորհրդային տարիներից։ Այստեղ միշտ սիրել և կարողացել են նվագել ջազ։ Լավ երաժշտությունն՝ իր նշանակությամբ, մեր քաղաքի վերջին բաղադրիչը չէ։ Վայելել հայկական ջազը կարելի է «Մալխաս» ջազ-ակումբում, որի հիմնադիրն է հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանը։ Երաժշտասերները հնարավորություն ունեն այցելելու նաև Mezzo Classic House Club, ունկնդրել իրական համերգ «Գաֆեսճյան» ժամանակակից արվեստի կենտրոնում` Կասկադի վերջին թատերահարկում:
Ունկնդրել դուդուկ
Հնարավոր չէ պատերացնել հայկական ազգային երաժշտությունն առանց դուդուկի։ Դուդուկով լսելի են դառնում սարերի ձայները, ծերունիների ողբը և երեխաների խինդը։ Ծիրանենուց պատրաստված` առաջին հայացքից համեստ այդ գործիքն, ունի աներևակայելի հուզիչ և անկեղծ հնչողություն։ Արդեն հազարավոր տարիներ դուդուկը հայ ժողովրդի կյանքում անբաժան ուղեկից է։ Այն հնչում է թե՛ հարսանիքներին, թե՛ հուղարկավորություններին, թե՛ ծննդյան տարեդարձերին, թե՛ մկրտություններին։ Շնորհիվ Ջիվան Գասպարյանի հանճարեղ կատարման վերջին 20 տարիներին դուդուկը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել։ Հայկական այս գործիքը հիմա արդեն լսելի է հոլիվուդյան ֆիլմերում, տարբեր երկրների երաժշտական նախագծերում։ Բոլորովին վերջերս դուդուկը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Ի դեպ, Վերնսիսաժում կարելի է ձեռք բերել այն որպես հուշանվեր։
Մտոք հին աշխարհն ուրվագծել դարավոր ձեռագրերի ու գույների ներքո
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հին ձեռագրերի աշխարհի ամենամեծ պահոցներից է, որտեղ կարելի է հանդիպել վաղ և ուշ միջնադարի հայ հեղինակների աշխատանքների՝ մեծ վարպետների զարդանախշերով։ Մեծ թիվ են կազմում օտարալեզու ձեռագրերը, որոնց մեջ են արաբական, պարսկական, լատինական, հունական, եթովպական, հին հրեական, սիրիական, հին ռուսական և այլ ձեռագրեր: Ձեռագիր մատյանների թիվն ացնում է 17.000-ը, իսկ միջնադարյան պահոցային փաստաթղթերի թիվը` 100.000-ը: Այն նաև գիտահետազոտական կենտրոն է, որտեղ շարունակում են ուսումնասիրվել հին ձեռագրերը։ Մատենադարանում ներկայացված են տարբեր ժամանակաշրջանների նկարիչների աշխատանքներ, որոնք բոլորն աչքի են ընկնում վարպետության բարձր մակարդակով, կերպարների արտահայտչականությամբ և գույների վառ խտությամբ։ Բազմաթիվ մանրանկարչական գործեր ներկայացված են առանց վերականգնման։ Մատենադարանը 1997 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում «Մաշտոցի Մատենադարանի հին ձեռագրերի հավաքածու» անվամբ:
Ուխտագնացության գնալ հնագույն եկեղեցիներ, խաչքարեր
Էջմիածնի Մայր տաճարն աշխարհում հնագույն քրիստոնեական եկեղեցիներից է և Հայ առաքելական եկեղեցու գլխավոր կենտրոնը, որի կազմում են Մայր տաճարը, թանգարանը, հոգևոր սեմինարիան և Ամենայն հայոց Կաթողիկոսի նստավայրը։ Վանքի կառուցման տեղը` Գրիգոր Լուսավորչի երազով, ցույց է տվել Հիսուս Քրիստոսը։ Մայր տաճարը կարելի է աշխարհում առաջին պետական քրիստոնեական սրբավայրը համարել, քանի որ կառուցվել է 303-ին՝ քրիստոնեությունն ընդունելուց երկու տարի անց, իսկ ինչպես արդեն գիտենք, Հայաստանն առաջինն է ընդունել այն:
4-րդ դարում հիմնադրված Գեղարդը եղել է հայտնի ուխտագնացության վայր այնտեղ պահվող մասունքի՝ գեղարդի շնորհիվ, որով խոցել են խաչված Հիսուսին (այժմ գտնվում է Էջմիածնի թանգարանում)։ Գեղարդն ուշագրավ է նաև նրանով, որ նրա մի մասը ժայռափոր է՝ վանքի հիմնական մասին կից, և զարդարված է իր վրա փորագրված խաչքարերով։
Նորավանքը կառուցվել է 13-րդ դարում՝ կարմիր ժայռերի մեջ, նշանավոր ճարտարապետ Մոմիկի կողմից։ Ըստ ավանդության, Մոմիկը և Սյունյաց իշխանի դուստրը սիրում էին միմյանց, և իշխանը պատրաստակամություն էր հայտնել տալ իր աղջկան կնության միայն այն ժամանակ, եթե Մոմիկը 3 տարվա ընթացքում կառուցի վանք: Ճարտարապետը գրեթե հասցրել էր, երբ իշխանի հրամանով նրան եկեղեցու գմբեթից ցած նետեցին:
10-րդ դարում կառուցված Տաթևի մենաստանն ասես աճում է հսկայական քարափից՝ կիրճի եզրին։ Այն գտնվում է Երևանից 253 կմ հեռավորության վրա։ Ճանապարհը երկար է, բայց արժե գնալ, քանի որ ճանապարհն անցնում է գեղեցիկ լեռների և ջրվեժների կողքով։ Ավելին, Տաթևի վանք հասնելու համար առիթ կլինի նաև երթևեկել աշխարհի ամենաերկար ճոպանուղով, որի երկարությունը կազմում է 5752 մետր։
Աշխարհում իր տեսակի մեջ եզակի Նորատուսի խաչքարերի դաշտը հաշվում է ավելին քան հազար յուրօրինակ խաչքար։ Խաչքարերը փորագրված քարեր են, կենտրոնում խաչն է՝ զարդարված սիմվոլիկ նախշերով․ խաղողի տերևներից, նուռից, սրբերի պատկերներից և այլն։ Խաչը քրիստոնեության հիմնական և ամենահայտնի խորհրդանիշն է, որը ոչ մի տեղ այնքան ներկայացված չէ պատկերագրության մեջ, որքան` հայկականում։ Այսօր խաչքարերը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկային ոչ նյութական ժառանգության ցանկում։
Աշխարհի ամենաերկար ճոպանուղուց լեռնային համայնապատկերի վեհությունը զգալ
Տաթևի վանական համալիր կարելի է հասնել ամենաերկար ճոպանուղով, որն արդեն ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Այն կառուցվել է վերջերս և աշխարհում ամենաերկար մարդատար ճոպանուղին է։ Նրա երկարությունը կազմում է ավելին քան 5․7 կմ, որով Տաթև կարելի է հասնել 11 րոպեում (մեքենայով 40 րոպեի փոխարեն)՝ անցնելով խորը կիրճերի և Որոտան գետի վրայով։
Վկա դառնալ հելլենիզմի շրջանի կառույցի գոյությանը նախկին ԽՍՀՄ-ում
Գառնու հեթանոսական տաճարը Հայաստանի տարածքում հելլենիստական ոճով կառուցված ամենահայտնի հուշարձանն է, որպես հելլենիզմի շրջանի անվիճարկելի ապացույց։ Երկար տարիներ Գառնին եղել է հայոց արքաների ամառանոցը։ Այն միակ հեթանոսական տաճարն է, որը պահպանվել է քրիստոնեության ընդունումից հետո և միակ հելլենիստական ճարտարապետական կառույցի օրինակն է հետխորհրդային տարածքում։ Պատմական աղբյուրների համաձայն, հայոց արքա Տրդատ 1-ինը կառուցել է տաճարը 1-ին դարում Հռոմի կայսեր Ներոնին կատարած այցից հետո։ Գառնին տպավորիչ է նաև ահռելի կիրճի եզրին իր տեղակայվածությամբ, որտեղից բացվում է հրաշալի տեսարան լանջերի և լեռնային Ազատ գետի վրա։
Տեսնել Զվարթնոցի շրջանաձև տաճարի մասունքները
Հայկական ճարտարապետության գանձերից է Զվարթնոցը՝ զվարթունների կամ հրեշտակների տաճարը։ Այն կանգուն է մնացել մոտավորապես 300 տարի և 930-ին ավերվել է երկրաշարժի հետևանքով։ Զվարթնոցի շինարարությունը մեկնարկել է 641-43 թթ․ և շարունակվել 20 տարի։ Մասնագետների կարծիքով, Զվարթնոցը հանդուգն փորձ էր, ամենահամարձակ կենտրոնաձիգ կոմպոզիցիան հայկական ճարտարապետության մեջ։ Զվարթնոցն ընդհանուր գծերով հիշեցնում էր բաբելոնյան զիկկուրատներին։ Այն եռահարկ շրջանաձև տաճար էր՝ միմյանց վրա տեղադրված 3 նվազող գլանաձև ծավալներով՝ ամփոփած գնդաձև կոնով։ Տաճարի տեսքն արտահայտում է ուժգին ձգտում դեպի վեր։
Զորաց քարերի դիտակետերից ծիկրակող մայր մտնող արևին հետևել
Մեգալիթյան ժամանակաշրջանի յուրօրինակ հնագիտական հուշարձան և հայկական աստղադիտարան Քարահունջը՝ Զորաց քարեր անունը կրող, կառուցվել է մ․թ․ա․ 4 - 2 հազարամյակներում։ Քարերից կառուցված հայկական աստղադիտարանը հայտնվել է ավելի վաղ, քան անգլիական Ստոունհենջը, որը կառուցվել է 3500 տարի առաջ։ Ինչպես և լեգենդար բրիտանական կառույցը, հայկականը ևս կանգնեցվել է քարերից՝ հաշվի առնելով աստղերի դիրքը` օգտագործվելու որպես աստղադիտարան։
Վայելել Սևանա կապուտակ լիճը
Սևանն աշխարհի ամենաբարձրադիր քաղցրահամ լճերից է։ Այն գտնվում է ծովի մակերևույթից մոտավորապես 1900 մետր բարձրության վրա։ Իր գեղեցկության շնորհիվ կոչում են «Հայաստանի մարգարիտ», իսկ մեծ չափերի պատճառով նաև` «հայկական ծով»։ Լճին հարակից տարածքը հրաշալի վայր է հանգիստը կազմակերպելու համար։ Սևանի թերակղզու վրա կարելի է այցելել 874 թվականին կառուցված գեղեցկագույն Սևանավանքը։
Մասնակցել արկածային տուրերի
Արկածային տուրերի սիրահարներն, անշուշտ, կհավանեն Հայաստանում իրենց ժամանցի կազմակերպման բազում տարբերակները՝ բացահայտելու Հայաստանի լեռները։ Ամռանը և աշնանը կարելի է գնալ ջիփ-տուրի՝ ամենագնացներով անցնել լեռնալանջեր, ճանապարհին այցելելով հին ամրոցներ, տեսնել ժայռապատկերերներ։ Կարելի է մասնակցել վրանային արշավների, քայլային տուրերի` վերելքներ դեպի լեռնագագաթներ, վարձակալել լեռնային հեծանիվ և շրջել հին գյուղերի միջով։ Ձմռանը կարելի է հանգիստը կազմակերպել Երևանից 325 կմ հեռավորության վրա գտնվող Ծաղկաձորում` Հայաստանի ամենահայտնի դահուկային հանգստավայրում, որտեղ գործում է ծովի մակերևույթից 1966-2815 մետր բարձրության վրա գտնվող ճոպանուղի։
Ջուր խմել ծորակից և Ջերմուկի հանքային ջրերը` ցայտաղբյուրից
Հայաստանում ջուրը բերում են լեռնային գետերից, որը ամենուր ցայտաղբյուրներ կառուցելու փայլուն հնարավորություն է ընձեռում և թույլ տալիս ամառվա տապին հանգիստ ջուր խմել։ Տեղացիներն այն անվանում են պուլպուլակ։
Աշխարհի ուրիշ ոչ մի երկրում չկա այնպիսի տոն, ինչպիսին է Վարդավառը։ Այդ օրը բոլորը՝ մեծից փոքր, միմյանց վրա ջուր են լցնում։ Զգուշավորները և թրջվել չցանկացողներն այդ օրը ավելի լավ է մնան տանը։ Այդ օրը ոչ-ոք ոչ-մեկից չի նեղանում։
Բարձրադիր հանգստյան գոտի Ջերմուկը հայտնի է հանքային ջրերով, մեղմ կլիմայով, 68 մետրանոց ջրվեժով, զուլալ գետերով, Վարդենյանց լեռնանցքով։ Ջերմուկում կարելի է դահուկներով սահել, լողալ, խմել օգտակար հանքային ջուր և, իհարկե, վայելել բնական ու ճարտարապետական գեղեցկությունները։
Համտեսել ազգային խոհանոցի ուտեստները
Հայկական խոհանոցը մեծ համբավ ունի։ Հայաստանում կա թարմ և չորացված մրգերի հսկայական տեսականի։ Ամենուր վաճառվում են չրեր, սուջուխներ։ Երկրի կլիման և աշխարհագրությունը նպաստում են նրան, որ այստեղ աճող մրգերը լինեն՝ մեր կարծիքով, ամենահամեղն աշխարհում։ Ծիրանով, նշով, թզով լցված զամբյուղներ կտեսնեք ամեն անկյունում: Ծիրանը կոչում են հայկական խնձոր, և շատերին է հայտնի` համեղ է, եթե աճեցված է Հայաստանում։ Հաճելի է է հետևել, թե ինչպես է պատրաստվում ցածր կալորիականությամբ հայկական հացը՝ թոնրի լավաշը: Այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկային ոչ մշակութային ժառանգության ցանկում։
Խնջույքն, անկախ նրանից, շքեղ ռեստորանում է, թե սննդի փոքր կետում, թե ընկերների տանը, միևնույն է, սեղանը լեփ-լեցուն է տարատեսակ ուտեստներով՝ պանրով, բաստուրմայով, քյուֆթայով, խորովածով, տժվժիկով... Ավելի լավ է գալ և փորձել։
Հայաստանում կան համեղ գինիների և կոնյակների հարուստ տեսականի։ Գինեգործության ավանդույթները Հայաստանում ունեն հազարամյակների պատմություն։ Հայաստանում անցկացվում են գինու տուրեր. հյուրերին առաջարկվում է համտեսել տարբեր տեսակի գինիներ` ռոզե, սպիտակ, կարմիր և նռան։ Հայկական կոնյակն այնքան հանրահայտ է, որ կարելի է նույնիսկ չպատմել նրա մասին, չնշել, որ Չերչիլի սիրելի խմիչքն է եղել։ Կոնյակի պատրաստման լավագույն ավադույթներն այսօր էլ շարունակվում են։ Զբոսաշրջիկները կարող են մասնակցել Երևանի «Արարատ» կոնյակի գործարանում կազմակերպվող տուրերին։
Դասական հայկական նախաճաշը բաղկացած է թարմ լավաշից, չանախ տեսակի պանրից, թարմ լոլիկներից և թունդ սուրճից, սակայն դրա փոխարեն առավոտյան կարելի է համտեսել խաշ՝ հորթի կամ գառան տոտիկներից պատրաստած ապուր։
Հայերը գիտեն ինչպես պատրաստել մսային ուտեստներ. քյուֆթան, խորովածը, խաղաղի տերևներից պատրաստված տոլման կստիպեն նոր համեր զգալ։ Կանաչեղենի սիրահարները կգնահատեն 40 տեսակի կանաչիներից պատրաստվող ժենգյալով հացը։ Անուշաբույր այս ուտեստը կարելի է համատեղել թե՛ գինով, թե՛ թանով։ Որպես աղանդեր արժե շերտավոր գաթա կամ ծիրանի ցուկատներ համտեսել։
Վայելել հայկական հյուրընկալությունը
Թեև Հայաստանն աշխարհի ամենամոնոէթնիկ երկրներից է՝ հայերը հանդուրժող են և հյուրընկալ։ Հայերին հարգանքով վերաբերվելու դեպքում՝ փոխադարձ հարգանքն ու ինչ-որ կերպ օգտակար լինելու ցանկությունն անկասկած են, իսկ օգնության կարիք ունենալու դեպքում հարկ է համարձակ մոտենալ որևէ անցորդի, սիրով կօգնեն, օգնության կհասնեն անգամ մոտակայքում գտնվողները։
Օտարների մեջ զգալ յուրային
Ըստ հեղինակավոր «Գելլափ» վերլուծական կազմակերպության 2015 թ․ հրապարակված զեկույցի՝ օրենքի և կարգուկանոնի ինդեքսում Հայաստանը զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը` հետևում թողնելով հյուսիսամերիկյան և արևմտաեվրոպական երկրներ։ Հետազոտության ընթացքում հաշվի են առնվել գործոններ, ինչպիսիք են՝ երկրի քաղաքացիների մոտ անվտանգության զգացումը, նրանց վստահությունն իրենց ոստիկանության հանդեպ, նաև անվտանգության մակարդակը քաղաքում գիշերային զբոսանքների ժամանակ։ Այստեղ հանգիստ է, խաղաղ` և՛ մայրաքաղաքում, և՛ երկրի բոլոր անկյուններում։
Այս ամենով հանդերձ` տնտեսել
Հայաստանը հասանելի տուրիստական ուղղություն է, որը դեռևս լրացված չէ զբոսաշրջիկներով։ Ամենաթանկ հյուրանոցներն արժեն մոտավորապես 100 ԱՄՆ դոլար, ամենաթանկ ռեստորանում սնվելը մեկ հոգու համար կարժենա 10-30 ԱՄՆ դոլար, տեղական արագ սնունդը՝ շաուրման, լահմաջոն, 2-4 ԱՄՆ դոլար: Ավտոբուսով կամ մետրոյով շրջելու արժեքն է 0․20 ԱՄՆ դոլար է, նույնքան արժե նաև տաքսու մեկ կմ-ը։ Գները բարձր չեն նաև բնակության համար։ Հայաստանում կարելի է հագեցալ սննդով երկու անգամ ավելի մատչելի գնով, քան ԱՄՆ-ում և Եվրոպայում։