ՀՀ առողջապահության նախարարության «Պրոֆ.Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» իրականացվեց արյունաստեղծ ցողունային բջիջների առաջին փոխպատվաստումը:
Հայաստանի բժշկագիտության ոլորտում տեղի ունեցած աննախադեպ այս իրադարձությունը կատարվեց Համբուրգի Էպենդորֆ համալսարանական կլինիկայի փոխպատվաստման բաժնի ղեկավար, ճանաչված պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերի և մեր կենտրոնի տրանսպլանտոլոգների թիմի ջանքերով։
Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը կարևորեց, որ հայկական արյունաբանության ոլորտում նոր էջը բացվում է Եվրոպայում մեծ ճանաչում ունեցող կլինիկայի և գիտնականի մասնակցությամբ։ Ի դեպ, հայ տրանսպլանտոլոգների թիմը վերապատրաստվել է հենց Էպենդորֆ համալսարանական կլինիկայում` պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերի ղեկավարությամբ։
«Երևանն արդեն նշված է աշխարհի տրանսպլանտ քարտեզի վրա, և մենք ունենք բոլոր հնարավորությունները այլ երկրներից ևս հիվանդներ բուժելու»,-ասացՍմբատԴաղբաշյանը։
Ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստումն իրականացվում է մի շարք արյունաբանական հիվանդությունների` սուրլեյկոզների, լիմֆոմաների, որոշ տեսակի սակավարյունությունների, ինչպես նաև կրծքագեղձի, սերմնարանի քաղցկեղի, նեյրոբլաստոմայի, բնածին և ձեռքբերովի իմունայինանբավարարության, ժառանգական մետաբոլիկ հիվանդությունների բուժման ժամանակ` հիվանդությանորոշակիփուլերում:
Բարձր տեխնոլոգիաների կիրառությամբ փոխպատվաստումն իրականացվում է մի քանի փուլերով։ Դրանում ներառվում է քիմիաթերապիայի նախապատրաստական անցկացումը, ոսկրածուծի ստիմուլյացիան, ցողունային բջիջների հավաքագրումը, դրանց մշակումը, սառեցումը, հիվանդների դեղորայքային նախապատրաստումը և ցողունային բջիջների փոխպատվաստման բուն գործընթացը: Թանկարժեք նյութերի և նորագույն սարքավորումների կիրառություն պահանջող այս գործընթացը կարողէ տևել 1 ամիս:
Ժամանակակից այս մեթոդի ներդրումը բուժման արդյունավետությունը կբարձրացնի նաև բժշկության մի շարք այլ ոլորտներում` ակնաբուժություն, նեյրովիրաբուժություն, ռեգեներատիվ բժշկություն: