Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ Եվրասիական նյարդավիրաբուժական ակադեմիայի ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանի 95-ամյակին նվիրված միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ առողջապահության փոխնախարար Սուրեն Խաչատրյանը, Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, Երևանի բժշկական կենտրոնների ղեկավարներ, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ով շնորհավորեց բազմավաստակ բժշկին հոբելյանի կապակցությամբ. «95 տարիների ընթացքում դուք փառավոր ուղի եք անցել, հասել եք այն ամենին, ինչին ձգտում է բժշկի մասնագիտությունն ընտրած ցանկացած մարդ: Դուք փրկել եք բազմաթիվ կյանքեր, կրթել եք աշակերտներ, ովքեր այսօր հաջողությամբ շարունակում են ձեր գործը: Ստեղծել մասնագիտական դպրոց՝ դժվար, բայց կարևոր գործ է, ինչը դուք իրականացրել եք՝ հիմնվելով նյարդավիրաբուժության լավագույն ավանդույթների վրա: Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ու մաղթում առողջություն և երկար տարիների կյանք»:
ՀՀ առողջապահության փոխնախարար Սուրեն Խաչատրյանը հոբելյարին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը, որում ասվում էր. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 95-րդ տարեդարձի կապակցութամբ: Դուք մեր բժշկագիտության այն երախտավորներից եք, ովքեր ճանաչվել և գնահատվել եք նաև արտերկրում: Բարձր գնահատականի է արժանի Ձեր ներդրումը ազգային բժշկագիտության զարգացման, մեր երկրում նյարդավիրաբուժության ներդրման գործում: Ձեր կյանքի շուրջ 75 տարիները Դուք նվիրել եք մարդասիրական ամենաբարձր առաքելություններից մեկին, հանդես եկել որպես բարդագույն վիրահատական միջամտությունների հեղինակ: Ուրախալի է, որ այսօր էլ նույն ավյունով շարունակում եք Ձեր աշխատանքը և մանկավարժական շնորհակալ գործունեությունը: Մաղթում եմ քաջ առողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք»:
Միջոցառման ավարտին Եվրասիական նյարդավիրաբուժական ակադեմիայի ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանը շնորհակալություն հայտնեց բազմաթիվ շնորհավորանքների և ջերմ բարեմաղթանքների համար: