Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք
Պլաստիկ, էսթետիկ և վերականգնողական վիրաբույժների հայկական ասոցիացիայի անունից պատիվ ունեմ տեղեկացնելու պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի հերթական, XI միջազգային կոնգրեսի կազմակերպման մասին, որը տեղի կունենա 2017թ. հուլիսի 6-8 Երևանում:
Թանկագին ընկերներ, Հայաստանում կազմակերպվող և արդեն ավանդույթ դարձած մեր հանդիպումները գիտաժողովների շրջանակներում բացի ջերմ փոխգործակցությունից և փոխշահավետ համագործակցությունից` առանձնացել են գիտական բարձր մակարդակով և նորարարական բնույթով, ուստի միշտ արդյունավետ են եղել: Պրակտիկ բժշկության արդի արագընթաց զարգացումները թելադրում են գիտական, ուսումնամեթոդական և հետազոտական համընդհանուր դաշտի ստեղծման, տարբեր երկրների մասնագետների համատեղ աշխատանքի, փորձի փոխանակման և համագործակցության անհրաժեշտություն: Այսօր գեղագիտական և վերականգնողական վիրաբուժությունը, ինչպես նաև դերմատոկոսմետոլոգիան զարգանում են մեծ քայլերով և տարեցտարի ավելի պահանջված են դառնում:
Ոլորտի ժամանակակից խնդիրների համատեղ և անկաշկանդ քննարկումները առաջատար գիտնականների և տարբեր երկրներ ու բժշկական դպրոցներ ներկայացնող մասնագետների կողմից չափազանց կարևոր են ոչ միայն փորձառու բժիշկների, այլև սկսնակ մասնագետների համար: Նման գիտաժողովները զգալի ներդրում են բժշկագիտության զարգացման գործում, խթանում են Հայաստանում գեղագիտական բժշկության և պլասիկ վիրաբուժության ասպարեզում բուժման նորագույն, արդյունավետ և առավել անվտանգ եղանակների ներդրումը:
Համագումարի կազմկոմիտեն անելու է առավելագույնը գիտաժողովի գիտական և մշակույթային ծրագրերը հագեցած և հետաքրքիր կազմակերպելու համար: Խոստանում ենք հաճելի անակնկալներ: