Մազերի փոխպատվաստումն իրականացվում է կորցրած կամ նոսրացած մազածածկույթը վերականգնելու նպատակով:
Մազաթափության պատճառները բազմաթիվ են: Ամենատարածվածն էնդոգեն՝ ժառանգական գործոնն է. մարդը ժառանգում է գեն, որի ներկայությունը պայմանավորում է անդրոգեն հորմոնի նկատմամբ ճակատային և գագաթային շրջանի մազերի բարձր զգայունությունը: Առ այսօր մշակված բուժական միջոցառումները կարող են ժամանակավորապես կանգնեցնել կամ դանդաղեցնել գործընթացը, սակայն վերջնական արդյունք չեն ապահովում: Ժամանակավորապես արդյունավետ կարող են լինել որոշ քսուկների կամ շամպունների օգտագործումը, սակայն դա նույնպես խնդրի լուծում չէ:
Պացիենտն ունի ընտրության երկու տարբերակ. հաշտվել ճաղատության հետ կամ դիմել մազերի փոխպատվաստման, որը, փաստացի, պակասող մազածածկույթը վերջնականապես վերականգնելու միակ արդյունավետ ճանապարհն է: Ընդ որում, վերականգնված մազածածկույթը կարիք չունի որևէ հատուկ խնամքի: Դրանք ծոծրակի կամ քունքի մազերն են (որպես դոնոր շրջաններ), որոնք ընդամենը տեղափոխվել և իրենց կենսագործունեությունը շարունակում են գլխամասում: Քանի որ անդրոգեն հորմոնով պայմանավորված մազաթափության խնդիրը միայն ճակատային և գագաթային շրջանի մազարմատների մեջ է, ուստի այլ շրջանի մազերը, որոնք զգայուն չեն այդ հորմոնի նկառմամբ, այլևս չեն թափվում:
Մազերի փոխպատվաստման միջամտությունից առաջ լուրջ հետազոտություններ չեն իրականացվում (միայն` արյան ընդհանուր հետազոտություն և էլեկտրասրտագրություն), քանի որ այն չի համարվում հիվանդություն և անդրոգենային մազաթափությունն ունի տիպիկ բնութագիր: Ախտորոշումն իրականացվում է արտաքին զննման միջոցով: Միջամտությունը կատարվում է մաշկի և ենթամաշկի շրջաններում տեղային անզգայացմամբ: Վիրահատությունն իրականացվում է երկու տարբերակով. FUE (Follicular Units Extraction) առանց կարի փոխպատվաստման и FUT (Follicular Unit Transplantation) լոսկուտային եղանակով: Յուրաքանչյուր պացիենտի համար ընտրվում է նրան առավել հարմար տարբերակը` հաշվի առնելով մազաթափ և դոնոր շրջանի հատվածների չափերը, բացարձակ և հարաբերական հակացուցումները, տրանսպլանտացիայի արժեքը:
Միջամտությունն անցավ է և, կախված գրաֆտների քանակից, տևում է մոտավորապես 6-7 ժամ, որի ընթացքում միաժամանակ կարող է աշխատել 5-6 բժիշկ և միանվագ տեղադրել 3 հազար ու ավելի գրաֆտ: Վիրահատության ընթացքում, սովորաբար, պացիենտին 1-2 անգամ առաջարկվում է ընդմիջում: Վիրահատությունը համարվում է ամբուլատոր ծառայություն և միջամտությունն իրականացնելուց անմիջապես հետո պացիենտը վերադառնում է տուն: Երբեմն անգամ վիրակապ չի դրվում: Երեք օր արգելվում է լոգանք ընդունել: Տանը հատուկ խնամք չի պահանջվում:
Սովորաբար, հետվիրահատական շրջանում նույնպես ցավեր չեն լինում, իսկ լինելու դեպքւմ ցավազրկողներն արդյունավետ են, հնարավոր է անհարմարավետության զգացողություն: Աչքերի, կոպերի շրջանը կարող է այտուցվել՝ կախված գրաֆտների քանակից:
Միջամտությունից երեք օր անց ցանկալի է այցելել բժշկին, կամ կապ հաստատել հեռախոսով: Վիրահատությունից հետո երկրորդ օրը կարելի է արտերկիր մեկնել:
Վիրահատությունից մի քանի օր անց նկատելի է մազերի աճը, որոնք մեկ-երկու ամսում թափվում են: Երրորդ ամսից կրկին մազեր են աճում, որոնք այլևս չեն թափվում: Վեց ամիս անց 3-3.5 սմ երկարության մազածածկույթ է առաջանում, որի պարագայում միայն կարելի է գնահատել վիրահատության արդյունավետությունը:
Այն հատվածում, որտեղից վերցվում են մազերը, կարող են փոքրիկ սպիներ մնալ և, բնականաբար, վերցրած մազի տեղում այլևս մազեր չեն աճում: Սպիները լինում են կետային կամ բարակ գծի տեսքով: Նույն շրջանում միջամտությունը կարելի է կրկնել երկու-երեք անգամ: Սովորաբար, լիովին մազազուրկ շրջանի փոխպատվաստման համար մեկ փուլը բավարար չէ, երկու, երբեմն երեք, չորս փուլ է իրականացվում:
Մազերի փոխպատվաստում չի իրականացվում հոգեկան հիվանդությունների, մաշկային հիվանդությունների սրացումների ժամանակ, զգուշությամբ է իրականացվում շաքարային դիաբետի, զարկերակային գերճնշման և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ժամանակ: