Երևանը հիմնադրվել է ուրարտական արքա Արգիշտի 1-ինի նախաձեռնությամբ ք.ա.782 թվականին։ Որպես բերդաքաղաք կառուցված Էրեբունին ավելի քան երկու և կես հազարամյակ անց՝ 1918թ․ պիտի դառնար Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը։
Սկզբնապես Էրեբունին բնակեցվել էր 6600 ռազմիկներով և շատ կարճ ժամանակամիջոցում վերածվել էր ուրարտական տերության հյուսիսային կարևոր ռազմական հենակետի:
Երևանի վերածված Էրեբունին այն քիչ հնագույն քաղաքներից է, որն ունի անձնագիր հանձին Արգիշտի արքայի թողած սեպագիր արձանագրության։
Մայրաքաղաք եղած մյուս հայկական քաղաքների հիմնական մասը ևս կառուցվել է Արարատյան դաշտում։ Մայրաքաղաքներ Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը,Վաղարշապատը, Դվինը, Բագարանը գտնվելով Արարատյան դաշտում՝ հարևանություն են կազմում Էրեբունի-Երևանին։