Լիպոսակցիան մարմնի եզրագծերի շտկումն է ավելորդ ճարպային հյուսվածքի մեխանիկական հեռացման ճանապարհով:
Լիպոսակցիան վիրաբուժական միջամտություն է, որի ընթացքում հեռացվում ենճարպային կուտակումները: Մեթոդը հիմնականում կիրառվում է ճարպակալման տեղային ձևերի ժամանակ (օրինակ, որովայնի առաջային և կողմնային մակերեսներին, ազդրերի շրջաններում ճարպային կուտակումների դեպքում):
Տարբերում են վիրահատությունների հետևյալ տեսակները.
Վակուումային լիպոսակցիա: Սա ամենահին եղանակն է, երբ վիրաբույժը ձեռքով է աշխատում և վիրահատության հաջողությունը հիմնականում պայմանավորված է բժշկի որակավորմամբ: Ոչ մեծ կտրվածքների միջոցով մաշկի տակ են մտցվում հատուկ գործիքներ, ենթամաշկային ճարպաբջջանքը նոսրացվում է և հեռացվում վակուումի միջոցով: Եղանակը վնասվածքային է, ենթադրվում է, որ վիրահատությունից հետո երկու ամիսների ընթացքում հիվանդը պետք է կրի հատուկ սպիտակեղեն, բանդաժներ:
Գերձայնային լիպոսակցիա: Վիրահատության ժամանակ ճարպը քայքայվում է գերձայնի միջոցով և հնարավոր է բավականին մեծ ծավալի հեռացում: Այս մեթոդի դեպքում ևս հետվիրահատական շրջանում ապաքինումը դանդաղ է ընթանում, և մեկ ամիս հիվանդը ստիպված է կրել հատուկ սպիտակեղեն:
Սոֆթ-լիպոմոդել: Մեթոդն ավելի ժամանակակից մշակում է, որի անվանումը թարգմանվում է որպես «խնայող լիպոմոդելավորում»: Ճարպը քայքայվում է բարձր հաճախության հոսանքների օգնությամբ և հեռացվում է փոքր անցքերի միջոցով: Խորհուրդ է տրվում բանդաժներ կրել վիրահատությունից հետո երկու շաբաթվա ընթացքում: Այս եղանակի դեպքում ստացիոնարում գտնվելու անհրաժեշտություն չկա, իսկ աշխատանքի կարելի է դուրս գալ վիրահատությունից երկու-երեք օր անց
Պարզվել է, որ ամենաանվտանգն ամենասովորակական՝ մեխանիկական մեթոդն է: Մյուս մեթոդները գուցե ավելի հեշտ են և՛ պացիենտի, և՛ վիրաբույժի համար, ավելի քիչ են հոգնեցնում, սակայն հղի են հետագա բարդություններով: Ամենավտանգավոր բարդությունը մաշկի նեկրոզն է, որի պատճառը մաշկի վրա սարքերից՝ լազերի, ուլտրաձայնի ազդեցությունն է: Բարդությունները նկատելի են դառնում վիրահատությունից ավելի ուշ: Մեխանիկական կամ միջանկյալ՝ վիբրացիոն մեթոդը, առավել աշխատատար է մասնագետի համար, սակայն ճիշտ տեխնոլոգիայի ապահովման դեպքում կատարյալ անվտանգ է:
Բոլոր դեպքերում, անկախ կառուցվածքի շտկման նպատակով Ձեր ընտրած եղանակից, խորհուրդ չի տրվում մեկ վիրահատությամբ հեռացնել երկու լիտրից ավելի ճարպային հյուսվածք: Ցանկալի է քաշի նորմալացումն ապահովել կոնսերվատիվ եղանակներով (սննդակարգ, դեղորայքային բուժում, մարմնամարզություն և այլն), որից հետո միայն կառուցվածքի եզրագծերի շտկման նպատակով իրականացնել լիպոսակցիա: