«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը ՀՀ ԱՆ Լ. Նազարովի անվան պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի իրավահաջորդն է: 2000 թվականին ինստիտուտը սեփականաշնորհվեց Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից, իսկ 2001-ին նվիրաբերվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:
Կենտրոնի կայացման ճանապարհին խոշոր ներդրումներ են կատարել բարերարներ Տիգրան և Ելենա Իզմիրլյանները: Կենտրոնի կապիտալ վերանորոգմամբ ու բարեկեցիկ պայմանների ստեղծմամբ 2002-ին սկիզբ է դրվել կենտրոնի նոր գործունեությունը: Այսօր կենտրոնը` ի պատիվ Սարգիս և Մարի, կրում է «Իզմիրլյան» անունը, որտեղ յուրաքանչյուր տարի իրականացվում է ավելի քան 5000 վիրաբուժական միջամտություն, 11000-ից ավելի պացիենտներ անցնում է ախտորոշիչ հետազոտություն: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել «Իզմիրլյան» հիմնադրամի միջոցներով տարբեր ոլորտներում իրականացված բազմաթիվ ծրագրերը, որոնց շարքերն է համալրում նաև «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը:
Ներկայում կլինիկան բազմապրոֆիլ վիրաբուժական կենտրոն է` հագեցած ժամանակակից բժշկական տեխնիկայով, փորձառու և բարձր որակավորում ունեցող մասնագետներով: Հագեցած լինելով գիտության վերջին խոսքով, ըստ արդի գիտական նվաճումների կիրառման և բուժման արդյունավետության, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը Հայաստանում առաջատարներից է:
Կենտրոնում իրականացվում են մինիմալ ինվազիվ վիրահատություններ, լազերային բուժում, երիկամների քարերի հեռահար քարափշրում, կոլոպրոկտոլոգիայի ոլորտի ամբողջ հետազոտական և բուժական սպեկտորը, իսկ օրթոպեդիայի և վնասվածքաբանության բնագավառում այսօր առաջատարն է:
Կլինիկայում գործող ուրոլոգիական բաժանմունքում, որտեղ աշխատում են Հայաստանի առաջատար մասնագետներ, բուժումներն իրականացվում են միջազգային չափանիշներին համարժեք ժամանակակից մեթոդներով:
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գործում են նաև քիթ-կոկորդ-ականջաբանության, պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության, ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության, Էնդոսկոպիկ և ռեկոնստրուկտիվ գինեկոլոգիայի բաժանմունքները, ինչպես նաև նորաբաց սրտային, անոթային, կրծքային և ռոբոտային վիրաբուժության բաժանմունքները: Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում պացիենտը հնարավորություն ունի կոկորդի նորագոյացության ժամանակ կատարված միջամտություններից հետո վերականգնել ձայնալարերը: Թոքաբանության բաժանմունքում իրականացվում է օբստրուկտիվ ապնօէ համախտանիշի, Չեյն-Ստոքս շնչառության, ճարպակալության հետևանքով առաջացած հիպովենտիլյացիայի երկարատև CPAP թերապիա:
Կենտրոնը Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ իրականացնում է գիտակրթական ծրագրեր: Կենտրոնի մասնագետներն ակտիվորեն համագործակցում են սփյուռքահայ անվանի բժիշկների հետ, մասնավորապես, Կարո Դերձակյանի (ԱՄՆ Արևմտյան Կալիֆորնիայի բժշկական կենտրոնում Ռենալ տրանսպլանտացիայի ծրագրի տնօրեն), Ֆրանսուա Անտոնյանի (Սան Ռաֆայելի բժշկական կենտրոնի oրթոպեդիկ վիրաբուժության բաժանմունք) և Խաչատուր Բադալյանի (բ.գ.դ., ՌԴ Ն.Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանական գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող) հետ: