Ս/թ մարտի 17-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերին բժշկական աջակցություն» ծրագրի մեկնարկի արարողությունը և ստորագրվեց համագործակցության հուշագիրը:
Հուշագիրը ստորագրեցին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը, Հայաստանում «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Լուսինե Գալաջյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության կենտրոնի տնօրեն Տեր. Մարկոս քահանա Մանգասարյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, «Հայկական բարեգործական ընդհանուր միություն» հիմնադրամի Հայաստանի գլխավոր տնօրեն Վասկեն Յակուբյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաճյանը, «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության նախագահ Անի Բալխյանը:
«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը զրույցի ընթացքում, խոսելով ծրագրի մեկնարկի ու հետագա գործընթացի մասին, նշեց, որ ըստ հաշվարկների այն կգործի մոտավորապես երկու տարի. «Կիրականացվի շուրջ 500 վիրահատություն կամ բժշկական լուրջ միջամտություն, որոնք, բնականաբար, կտարբերվեն խորհրդատվական այցերից: Խորհրդակցությունները կլինեն անվճար: Եթե խորհրդատվությունից հետո որևէ պացիենտ բժշկական միջամտության կամ վիրահատության կարիք կունենա, դա կիրագործվի տվյալ ծրագրի շրջանակում: Վիրահատություններն իրականացվելու են «Իզմիրլյան» ԲԿ բժիշկների կողմից: Եթե բժշկական այլ ոլորտի միջամտությունների կարիք լինի, կհրավիրվեն համապատասխան մասնագետներ»- ասաց Արմեն Չարչյանը
Հայաստանում «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Լուսինե Գալաջյանը, հիմնվելով տարիների մեծ փորձի վրա, նշեց, որ տվյալ ժամանակահատվածում սիրիահայերին աջակցության ձեռք մեկնելու լավագույն տարբերակը նրանց բժշկական օգնություն ցույց տալն է:
«Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերին բժշկական աջակցություն» ծրագիրը ֆինանսավորում են. «Իզմիրլյան» հիմնադրամը` 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարով, իսկ «Իզմիրլյան» ԲԿ-ն բոլոր սիրիահայերին կտրամադրի մինչև 45% զեղչ»: